Կենսագրություն
1910-1915
Օսմանյան կայսրություն
Հարություն Կալենցը (Հարմանդայան) ծնվել է 1910 թվականին Օսմանյան կայսրության Սեբաստիա վիլայեթի Կյուրյուն (ներկայիս Կյուրին) գյուղաքաղաքում: Ծննդյան ստույգ ամսաթիվը հայտնի չէ. նա ընդամենը հինգ տարեկան էր, երբ 1915-ին` Մեծ եղեռնի ժամանակ զոհվեցին ծնողները:
Կալենցի ավագ եղբայրների պատմություններից գիտենք միայն, որ նա ծնվել է Զատկի տոնին հաջորդող գիշերն ու ստացել Հարություն անունը: (Հայ առաքելական եկեղեցական տոմարով Հարություն Կլենցի ծննդյան օրն ընկնում է 1910 թ. ապրիլի 10-ին): Կալենցը ընտանիքի չորս եղբայրներից երրորդն էր: Նրա ծնողները` Տիրատուրն ու Ալմաստը, ունևոր մարդիկ էին. ընտանիքի սեփականությունն էր գորգերի և շալերի ֆաբրիկան, որի արտադրանքը Եվրոպա էր արտահանվում:
Օսմանյան կայսրությունում Մեծ եղեռնի տարիներին փոքրիկ Հարությունը և նրա եղբայրները հրաշքով են փրկվում խոշտանգումներից ու մահից. Հարությունի մորը, փախստականների քարավանների անվերջանալի շարքերում երկար դեգերելուց հետո, այնուամենայնիվ հաջողվում է որդիներին հասցնել Սիրիա:
1915-1923
Հասնելով Հալեպ՝ Ալմաստը` Հարությունի մայրը, մահանում է հիվանդանոցում, և եղբայրներին պատսպարում է հայ որբերի համար բացված ամերիկյան որբանոցներից մեկում: Այնտեղ էլ` որբանոցի դպրոցում, սովորելով ընդամենը չորս տարի, Հարությունը ստանում է իր սկզբնական կրթությունը:
Կալենցի ինքնուրույն կյանքը շատ վաղ է սկսվում: Հազիվ տասը տարեկանում նա հրաժեշտ է տալիս որբանոցին և ժամանակավոր ապաստան գտնում հորեղբոր մոտ: Երիտասարդ Կալենցը, մի կողմ դրած գիրքն ու գիրը, տրվում է իր միակ կրքին` նկարչությանը. գեղագրություն է սովորում, փորձում է աշխատել յուղաներկով:
1923-1927
1923 թ. Հարությունը ծանոթանում է հայ գեղանկարիչ Օննիկ Ավետիսյանի հետ (այնժամ Վիեննայի Գեղարվեստի դպրոցի ուսանող), ով Հալեպում էր անցկացնում իր ամաոային արձակուրդը: Երկու-երեք ամառային ամիսների ընթացքում Կալենցը գեղանկարչության դասեր է վերցնում նրանից: Թերևս սա եղավ երիտասարդ Կալենցի առաջին մասնագիտական դպրոցը:
Օննիկ Ավետիսյանը, նկատելով պատանու գեղանկարչական ձիրքը, նրան նաև խրախուսելու համար գնում է Կալենցի աշխատանքներից մեկը: Կալենցն ապրում է Հալեպում մինչև 17 տարեկան հասակը. արվեստանոց է վարձում, նկարում և վաճառում է դիմանկարներ ու ժանրային կտավներ, ձեռք բերելով արդեն որոշակի համբավ:
1927 թ. Կալենցը տեղափոխվում է Տրիպոլի` Լիբանան, ուր ավելի վաղ հաստատվել էին նրա երկու ավագ եղբայրները. նրանք այնտեղ արդեն բացում էին «Հարմանդ» լուսանկարչատունը (ցուցանակը դեռ այսօր էլ պահպանվել է Տրիպոլիում ոազմական գործողությունների արդյունքում կիսավեր դարձած շենքի ճակատին):
Այդ ժամանակ թարքմանելով Հարմանդայան ազգանունը հայերեն՝ նա սկսում է իր գեղանկարչական աշխատանքները ստորագրել Կալենց անունով ֆրանսիական տառադարձությամբ՝ Galentz:
Այստեղ Կալենցը ծանոթանում է ֆրանսիացի նկարիչ Քլոդ Միշլեին. սկիզբ է դրվում նրանց երկարամյա բարեկամությանը և ստեղծագործական միությանը: Նրանք շատ են ճանապարհորդում միասին Լիբանանում և Սիրիայում, կազմակերպում են ցուցահանդես-վաճառքներ:
1930-1946

1930 թ. Կալենցը տեղափոխվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, ուր Միշլեի խնդրանքով վարում է նրա արվեստանոցին կից գեղարվեստական ստուդիան՝ դասավանդելով գեղանկար և գծանկար: Շուտով Կալենցը հիմնում է իր սեփական արվեստանոցը: 1931-ին մասնակցում է երիտասարդ նկարիչների ցուցահանդեսին:
1932-45թթ. Կալենցը դառնում է Արվեստասերների միության կազմակերպման նախաձեռնողներից մեկը: Հետագայում այն հիմք դարձավ Լիբանանի նկարիչների միության ստեղծման համար: Կալենցը Միության ակտիվ մասնակիցներից էր. նա փաստացի մասնակցում էր բոլոր խմբային ցուցահանդեսներին՝ միաժամանակ բացելով էր իր անհատականները:

Նրա հետաքրքրությունների շրջանակը շատ լայն էր. գեղանկարից զատ նա աշխատում է բեմական ձևավորման, մոնումենտալ քանդակի ասպարեզում, համագործակցում ամսագրերի և թերթերի, ինչպես նաև հրատարակչությունների հետ`գրքերի ձևավորման գործում: 1938թ. Բեյրութի իր արվեստանոցում նա հանդիպում է իր ապագա կնոջը` Արմինե Պարոնյանին, ով Կալենցի մոտ ուսանելու համար Բեյրութ էր տեղափոխվել Հալեպից (Սիրիա):

1939 թ. մասնակցում է Նյու Յորքում կայացած Համաշխարհային ցուցահանդեսին, որ ներկայացնում է Լիբանանի տաղավարի 7-մետրանոց բարձրաքանդակը և արժանանում Լիբանանի կառավարության և Ցուցահանդեսային կոմիտեի պատվոգրերին:

1940 թ. Հայ առաքելական եկեղեցու պատվերով Բեյրութի Սբ. Նշան եկեղեցու խորանի համար ստեղծում է Տիրամոր կերպարը: Ճարտարապետն էր Տիգրան Գուպեսերյանը, ով Բեյրութ էր եկել Ֆրանսիայից և երկար տարիներ Կալենցի մտերիմ ընկերն էր:
1943 թ. Կալենցը և Արմինեն ամուսնանում են Բեյրութի Սբ. Նշան եկեղեցու խորանի իր իսկ հեղինակած Տիրամոր հովանու ներքո: 1944 թվի փետրվարին ծնվում է նրանց առաջնեկը` Արմենը:
1943 թ. վրձնում է Քլոդ Միշլեի դիմանկարը և ցուցադրում այն Լիբանանի նկարիչների միությունում հուլիսի 8-ին բացված ցուցահանդեսում:

1945 թ. Բեյրութի “Regent Hotel” հյուրանոցի սպասասրահի համար մեծածավալ խճանկար է կերտում, որը հետագայում ավերվեց պատերազմի ժամանակ:
1945 թվին զարդանախշում է Լիբանանի Զմմար վանքի գմբեթը:
1946-1967
Հայաստան
1946 թ. Խորհրդային իշխանությունների կողմից տարվող լայնածավալ քարոզարշավը շարժառիթ հանդիսացավ Կալենցի` Խորհրդային Հայաստան տեղափոխվելու համար:
Մայիս ամսին առաջին իսկ նավով Կալենցն իր ընտանիքի` Արմինեի և որդու` Արմենի հետ մեկնում է հայրենիք: 1946 թ. հունիսին Հարություն Կալենցը դառնում է Հայաստանի նկարիչների միության անդամ: Հոկտեմբերին ծնվում է Կալենցների երկրորդ որդին` Սարոն:

1947 թ. ապրիլի 27-ին Երևանի նկարիչների տանը բացվում է արտերկրից (Լիբանան, Սիրիա, Ռումինիա, Բուլղարիա, Իրան) Հայաստան վերադարձած հայ նկարիչների ու քանդակագործների ստեղծագործությունների առաջին ցուցահանդեսը, որին 14 արվեստագետների շարքում մասնակցում են նաև Հարություն և Արմինե Կալենցները: Բացման խոսքով հանդես եկավ Խորհրդային Հայաստանի նկարիչների միության նախագահ Մարտիրոս Սարյանը:
1948 թ. ապրիլին Հայաստանի նկարիչների միությունում կայացած հերթական հանրապետական ցուցահանդեսը բախտորոշ եղավ Կալենցի համար: Իշխանությունների կենտրոնական օրգան` «Կոմունիստ» թերթում հրապարակված գրախոսականում Կալենցին առաջարկվում էր ձերբազատվել բուրժուական արվեստի ազդեցությունից, իսկ ֆորմալիստական, դեկադենտական և խորհրդային արվեստին խորթ այլևայլ հոսանքների դեմ պայքարի մասին կարգախոսն էլ հիմք դարձավ Կալենցին նկարիչների միության անդամակցությունից զրկելու համար:
Արդյունքում Հարություն Կալենցին այլևս չէր թույլատրվում մասնակցել Միության ամենամյա գեղարվեստական ցուցահանդեսներին, և նա հարկադրված հայտնվեց ստեղծագործական դաշտից դուրս՝ զրկվելով նաև առանց այդ էլ սակավ պետական պատվերներից:
Ավելին. այս կարգավիճակում գտնվող արվեստագետները հավասարեցվում էին «պորտաբույծներին» և քրեականորեն պատժվում` ընդհուպ մինչև աքսոր…
1948-1956 թթ. ծանր զրկանքների, պարապուրդի և չքավորության տարիներ էին. խղճուկ վաստակ` Կալենցի իսկ խոսքով «խալտուրայի» շնորհիվ: Կալենցը, փաստորեն, չէր ստեղծագործում …
1951 թ. ԽՍՀՄ նկարիչների միության նիստում որոշում է ընդունվում Հարություն Կալենցին նկարիչների միության անդամության լրացուցիչ ընդունելու (վերականգնելու) մասին:
1956-1967
50-ականների կեսերին լարվածության, ընկճախտի և պարտադրված պարապուրդի որոշ թուլացում նկատվեց: Կալենցի արվեստանոցը սկսեց կենդանանալ, վերածվելով առաջադեմ մտավորականության, գիտնականների, դերասանների, գրողների և ազատամիտ անհատների հանդիպման վայրի: 1957 թ. Կալենցը հանդիպում է ճանաչված գիտնական, համաշխարհային համբավ վայելող ֆիզիկոս, ազդեցիկ ներգործության տեր անհատականություն և արվեստի հավաքորդ Արտեմ Ալիխանյանի հետ:
Նրանք բարեկամացան: Ալիխանյանն այլևս Կալենցի հովանավորն ու նրա արվեստի ջատագովն էր: Կալենցի մասին տեղեկանում են մտավորականության լայն շրջանակները Մոսկվայում ու Լենինգրադում, ինչպես նաև արտերկրում:
1959 թ. Կալենցը Իլյա Էրենբուրգի շնորհիվ ծանոթանում է Լևոն Մկրտչյանի հետ: Այս հանդիպումը ևս երկարամյա մի մտերմության հիմքը դրեց:
1959 թվին Արտեմ Ալիխանյանը սեփական նախաձեռնությամբ Մոսկվայի իր բնակարանում Կալենցի աշխատանքների ցուցադրություն է կազմակերպում՝ ցուցահանդեսը հետագայում տեղափոխելով Մոսկվայի ֆիզիկայի ինստիտուտ: Արդյունքում Կալենցը բազում պատվերներ ստացավ: Նրա գործերը ձեռք բերեցին այնպիսի ակնառու ռուս գիտնականներ, գրողներ և դերասաններ, ինչպիսիք էին Ա. Միգդալը, Լ. Արցիմովիչը, Լ. Օկունը, Ս. Կապիցան, Ի. Էրենբուրգը, Մ. Պլիսեցկայան, Ա. Ռայկինը, Յու. Բորիսովան, Լ. Բրիքը, Ա. Գիտովիչը, Ա. Դիմշիցը և այլք:
1959 թ. Կալենցը Լենինգրադի Մանրապատումների պետական թատրոնում Ա. Ռայկինի բեմադրած «Սեր և երեք նարինջ» ներկայացման համար երկու պաստառների ձևավորում է կատարում:

1961 թվին Լենինգրադում բացվում է ևս մեկ «ոչ պաշտոնական» ցուցահանդես` Պետական Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկու բնակարանում:
1961 թ. արգելվում է Կալենցի ցուցահանդեսը Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, որի կազմակերպիչն էր այն տարիներին դեռ երիտասարդ լաբորանտ Լևոն Մկրտչյանը: Արգելքի դրդապատճառն էր հրավիրատոմսը, որին պատկերված էին մի իշուկ, վարդ, ինչպես նաև խաչի տեսքով ամսաթիվը: Այս հարցը քննվում է Հայաստանի կոմկուսի ԿԿ-ի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի մակարդակով: Դրությունը փրկեց Ա. Դիմշիցի «Գրականությունը և կյանքը» ամսագրում 1961 թվի մարտին լույս տեսած «Սքանչելի և տխուր Ֆրանսիա» հոդվածը: Լևոն Մկրտչյանի խնդրանքով Ա. Դիմշիցը ավելացրեց հոդվածում, որ Ֆրանսիայում Պիկասոյի և այլ հանճարների գործերը «հիշեցրեցին նրան Կալենցի` կյանքից բխող, հիասքանչ ստեղծագործությունները»:
1962 թ. Երևանում՝ Նկարիչների միությունում, բացվում է արվեստագետի կենդանության օրոք Հայաստանում կայացած առաջին և միակ անհատական ցուցահանդեսը:
1965 թ. Կալենցին շնորհվում է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում:
1967 թ. Հարություն Կալենցը հեռացավ կյանքից: Նա մահացավ սրտի կաթվածից` ընդամենը 57 տարեկան հասակում: Արմինե Կալենցն իր «Ներիր ինձ, Հարություն» Կալենցի մասին հուշերի գրքում գրել է. «Եթե դու իմանայիր, որքան մարդիկ եկան քեզ հրաժեշտ տալու – չէիր մահանա»:
1967 թ.Հարություն Կալենցին հետմահու շնորհվեց Հայկական ԽՍՀ պետական մրցանակ`գրականության և արվեստի բնագավառում Ա. Գիտովիչի, Ս. Բարսեղյանի, Ա. Ալիխանյանի դիմանկարների և «Կակաչներ», «Քրդուհիներ», «Մեր բակը», «Գարուն», «Հրազդանի կիրճը» գեղանկարների համար:
1968 թ. Կալենցի մահվանից մեկ տարի անց, Արմինե Կալենցի ջանքերի շնորհիվ Երևանում Խորհրդային Միությունում իր նախադեպը չունեցող «ոչ պետական հաստատություն» կարգավիճակով բացվեց Հարություն Կալենցի պատկերասրահ-արվեստանոցը: Այն բաց էր բոլոր այցելուների համար` ընդհուպ մինչև Կալենցների տան վերակառուցման և շինարարական աշխատանքների սկիզբը ու վերափոխումը «Կալենց Թանգարանի»:

1970 թ. Մոսկվայի գրողների կենտրոնական տանը բացվում է Կալենցի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի իրականացմանն աջակցել է բանաստեղծ Ա. Դիմշիցը։
1970 թ. Մայիսին Բեյրութի «Հայկ» ակումբում բացվում է Լիբանանի հավաքորդների մասնավոր հավաքածուներից բերված Կալենցի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Համեստ պատկերագրքի առաջաբանի հեղինակն էր Բարսեղ Կանաչյանի դուստր Յոլանդե Աջեմյանը:
1971 թ․ Լենինգրադում, Մայակովսկու անվան գրողների տանը բացվում է Կալենցի ստեղծագործությունների ցուցահանդեսը`գրող Դմիտրի Մոլդավսկու և Լենինգրադի գրողների միության արվեստաբան Տատյանա Մախմուրյանի օժանդակությամբ:
1980 թ. Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում կայանում է Հարություն Կալենցին նվիրված գրականության երեկո, ինչպես նաև բացվում է Կալենցի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
1988 թ. Երևանում, Ֆիզիկայի ինստիտուտում բացվում է Հարություն և Արմինե Կալենցների ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված Արտեմ Ալիխանյանի ծննդյան 80-ամյակին:1992 թ. Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Գույնի երեք աշխարհ. Սարյան, Կալենց, Մինաս» ցուցահանդեսում ներկայացված էին նաև Կալենցի աշխատանքները` թե՛ ընտանեկան, և թե՛ պատկերասրահի հավաքածուներից:
1995 թ. Երևանում՝ Կալենցների տուն-արվեստանոցում, կազմակերպվում է Կալենցի ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդեսը:
2000 թ. Երևանում՝ Հայաստանի նկարիչների միությունում, արվեստագետների ընտանիքի հետ համատեղ բացվում է Հարություն Կալենցի և Արմինե Կալենցի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:
2009 թ. Երկու նկարիչների արվեստը պահպանելու, ուսումնասիրելու և հասարակայնացնելու նպատակով հիմնադրվել է Կալենց մշակութային հիմնադրամը:
2010 թ. Ապրիլի 27-ին Երևանում՝ արվեստագետի անունը կրող փողոցում, Հարություն Կալենցի ծննդյան 100-ամյակի առթիվ անցկացվող միջոցառումների շրջանակում, երկու նկարիչների տուն-արվեստանոցի տեղում բացվում է «Կալենց թանգարանը»: