Կենսագրություն
«Արվեստը գեղեցիկի միջոցով մեծագույն ճշմարտությունները հաղորդելու պահի բերկրանքն է»:

1920
Արմինե Կալենցը ծնվել է Դամասկոսում (Սիրիա) 1920 թվականին, արմատներով ատաբազարցի ուսուցիչներ Տիգրանուհի և Սարգիս Պարոնյանների ընտանիքում: 1915թ. Արմինե Կալենցի ծնողները, հրաշքով փրկվելով Մեծ եղեռնից, հայտնվում են Դամասկոսում: 1920 թվի աշնանը, երբ Օսմանյան Կայսրությունում կարճատև հանդարտություն է նկատվում, Արմինե Կալենցի ընտանիքը վերադառնում է Ատաբազար` հայրենիքում կրկին անգամ վերահաստատվելու նպատակով: Սակայն շուտով Թուրքիայի տարբեր վայրերում վերսկսվում են հուզումներն ու հայերի հետապնդումները:
Այդ ընթացքում մահանում է Արմինեյի հայրը, և ՝ 22 տարեկան երիտասարդ Տիգրանուհին մնում է միայնակ իր երկու երեխաների՝ 6 ամսական Արմինեի և նրա մեծ եղբոր` Արամի հետ: Փրկվելով քեմալական զինվորներից՝ մայրը ստիպված է լինում ճանապարհին թողնել իր տղային` Արամին, մի ամերիկյան որբանոցում և շարունակել փախուստը՝ փոքրիկ Արմինեին գիրկն առած: Նրան, ի վերջո, հաջողում է ֆրանսիական մի նավով հասնել Պոլիս: Վեց տարի այնտեղ ապրելուց հետո, 1926 թվականին Տիգրանուհին փոքրիկ Արմինեի հետ տեղափոխվում է Սիրիա՝ Հալեպ, որտեղ նրանց, բարեբախտաբար, միանում է Արամը: Սկսվում են թափառական կյանքի դաժան ու ձիգ օրերը, գործից գործ, քաղաքից քաղաք. այդ օրհասական օրերին հայ գաղթականներն ամենուրեք էին, ուր հաց հայթայթել էր հաջողվում:
1926-1935 Նախնական կրթություն
Վեց տարեկանից Արմինեն Հալեպում այցելում է Հայկազյան վարժարան, ուր նախնական կրթությունն է ստանում: Այնտեղ նա սովորում է միչև 1931 թվականը: 1931 թվին ընտանիքը տեղափոխվում է Պաղեստին՝ Երուսաղեմ: Այստեղ Արմինեն մինչև 1933-ը հաճախում է Երուսաղեմի վանքի Ս. Թարգմանչաց դպրոցը: Ապագա նկարչուհու համար սրանք կարևոր տարիներ էին, երբ հայոց պատմության և գրականության մասին հիմնավոր գիտելիքներ յուրացնելուն զուգահեռ նա նաև հոգևոր դաստիարակություն է ստանում. դա հետագայում հիմք է դառնում արդեն հասուն տարիքում իր փիլիսոփայական հայտնի շարքերի ստեղծման համար: 1935 թվականին ընտանիքը Եղուսաղեմից նորից տեղափոխվում է Հալեպ՝ Սիրիա, այստեղ Արմինեն հաճախում է ֆրանսիական Սեն-Ժոզեֆ մայրապետների վարժարանը:
1935-1938
Իրականանում է Արմինեի երազանքը, նա այցելում է Հռոմ` արվեստի աշխարհ, որտեղ նա ուզում էր ապրել և արվեստ սովորել: Արմինեն վերադառնում է Սիրիա վստահ որոշմամբ, որ նկարիչ է դառնալու: Սակայն Ժիրայր Օրաքիանը ( հայ նկարիչ, ում հետ նա ծանոթացել էր Հալեպում) համոզում է երիտասարդ Արմինեին փոխել մտադրությունը՝ հիմնավորելով իր տեսակետը Իտալիայում առկա կյանքի ծանր պայմաններով և ֆաշիզմի ամրապնդմամբ: Օրաքիանի համուզմամբ ժամանակակից արվեստը Ֆրանսիայում էր ծաղկում և հարկ էր գնալ Փարիզ:
Արմինե Կալենցը (Պարոնյան) միշտ էլ արվեստին մոտ կանգնած մարդ եր: Սիրում էր երաժշտություն, գրականություն, պար: Շատ տարիներ անց Արմինեն իր հուշերի մեջ նշում է, թե չլինեին Հռոմի և Կալենցի ուժեղ ձեռքը, երևի նրա ներուժը այլ կերպ դրսևորվեր:
«Ես սիրում եմ արվեստը և պիտի գնամ նրա ճանապարհով»
1938-ին Արմինեն ծանոթանում է Օնիկ Թոփուզյանի հետ« ով նրան հայտնում է Բեյրութում ապրող հայ նկարիչ Հարություն Կալենցի մասին: Արմինեն անմիջապես մեկնում է Բեյրութ: Կլոդ Միշլեի արվեստանոցում նա ծանոթանում է Հարություն Կալենցի հետ ու դառնում նրա ուսանողը: «Իմ Իտալիան դարձավ Հարություն Կալենցի արվեստանոցը»:
«Իմ Իտալիան դարձավ Հարություն Կալենցի արվեստանոցը»

1939-1946
Մեկ տարին Հարություն Կալենցի արվեստանոցում անցնում է խիստ աշխատանքային ծրագրով: Արմինեի զարգացումն այնքան արագ է ընթանում, որ արդեն 1939 թվականին նա հնարավորություն է ստանում ընդգրկվելու Նյու Յորքում կայանալիք Համաշխարհային ցուցահանդեսում` Լիբանանի տաղավարի ձևավորումը իրականացնող աշխատանքային խմբում, ինչի արդյունքում ստանում Լիբանանի կառավարության պատվոգիրը:
Ուսման ավարտին, մեկ տարի անց, Արմինեն վերադառնում է Հալեպ և սկսում իր ինքնուրույն աշխատանքը… Հալեպում Արմինեն միակ կին արվեստագետն էր:
Արմինեն ծանոթանում է Ժան Լոֆրենի հետ, որը Հյուսիսային Սիրիայի հուշարձանների պահպանման և վերականգնման պատասխանտուն էր ու Հալեպի թանգարանի տնօրենը:
Հետագայում նրանք մտերիմ բարեկամներ դարձան. հենց նրա շնորհիվ Արմինեն ճամփորդեց, ճանաչեց, ուսումնասիրեց Սիրիան: Ժան Լոֆրենը Արմինեին նաև ծանոթացրեց որոշ մտավորականների հետ: Ժան Լոֆրենի և իր ընտանիքի հետ բարեկամությունը շարունակվեց նույնիսկ Արմինե Կալենցի՝ Խորհրդային Հայաստան տեղափոխվելուց հետո:
1940
Հալեպ քաղաքի «Պարոն» հյուրանոցում բացվում է Արմինեի անդրանիկ ցուցահանդեսը, որտեղ վաճառվում է նրա ստեղծագործությունների գերակշռող մասը:
1943
Ստեղծագործական կապը Արմինեի ու Կալենցի միջև շարունակվում է, նրանք երբեմն հանդիպում են. Կալենցը համակ ուշադրությամբ հետևում է Արմինեի ստեղծագործական աճին:
1943 թվականի մայիսի 2-ին Հարություն Կալենցը և Արմինեն ամուսնանում են Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում. խորանին` Հարություն Կալենցի Տիրամայրն էր, պատկերի բնորդուհին էլ հենց ինքը` Արմինեն: 1944-ի Փետրվար ամսին ծնվում է Կալենցների առաջնեկը` Արմենը:
1945
Բեյրութում, Գեղարվեստի ակադեմիայում Արմինեն բացում է իր մեծ ցուցահանդեսը, որը հաջողություն և լայն արձագանք է ունենում: Ցուցահանդեսը բացում է Լիբանանի նախագահի եղբայրը` Սալիմ Ալ Խյուրին, որը անվանի փաստաբան էր:
«Առաջին և ամենահուզիչ տպավորությունը` Մասիսն էր: Նրա սպիտակահեր գագաթը ինչ-որ արքայական, աստվածային մի բան էր պարունակում իր մեջ»
1946-1967
Հունիս ամսին հայրենադարձների առաջին քարավանով Կալենցների ընտանիքը տեղափոխվում է Խորհրդային Հայաստան: «Առաջին և ամենահուզիչ տպավորությունը Մասիսն էր: Նրա սպիտակահեր գագաթը ինչ-որ արքայական, աստվածային մի բան էր պարունակում իր մեջ»:
Մայիս ամսին Արմինեն ընտանիքի հետ հասնում է Հայաստան: Հաստատվելով Երևանում Կալենցները մի փոքր սենյակ են վարձում` այն ժամանակ Երևանի ծայրամասում (այսօր դա Կոմիտաս փողոցի երկաթուղու շրջակայքն է):
Հունիսին Արմինե Կալենցը դառնում է Խորհրդային Հայաստանի նկարիչների միության անդամ: Հոկտեմբեր ամսին ծնվում է երկրորդ որդին` Սարոն: Արաբկիր թաղամասում՝ Կալենցներին հատկացված հողակտորի վրա, նկարիչները կառուցում են իրենց տունը՝ ըստ Հարություն Կալենցի նախագծի:
1947
Ապրիլի 27-ին կազմակերպվում է հայրենադարձ նկարիչների աշխատանքների առաջին ցուցահանդեսը:
Արմինե Կալենցը (նկարչուհին դեռ ստորագրում էր իր կտավները որպես Պարոնյան) ցուցահանդեսի միակ կին մասնակիցն էր: Ներկայացված էին Լիբանանում կատարած նրա յուղաներկ բնապատկերները և մի շարք ջրանկարներ:
1948
Ապրիլ ամսին նկարիչների միությունում տեղի ունեցած Հայաստանի նկարիչների նոր աշխատանքների ցուցահանդեսին մասնակցությունից հետո քննադատության տարափ տեղաց Կալենց ամուսինների հասցեին. Նույն, ինչպես և Հարություն Կալենցի դեպքում, կոշտ քննադատության արժանացավ Արմինե Կալենցի (Պարոնյան) «Հայրենի հողում» ստեղծագործությունը, որն, ինչպես ասվում էր իշխանությունների կենտրոնական օրգան «Կոմունիստ» թերթում հրապարակված գրախոսականում, «բուրժուական գեղանկարչությանը նմանակելու արդյունք»: Այդ հոդվածն Արմինեի ստեղծագործական կյանքում ծանր հետևանքներ բերեց: Նրան ճիշտ Կալենցի նման արգելեցին մասնակցել միության ցուցահանդեսներին: Եվ քանի որ խորհրդային պետական պատվերների համակարգում դա աշխատանք վաճառելու միակ ձևն էր, Կալենցներն այսպիսով զրկվեցին իրենց հանապազօրյա հացը վաստակելու հնարավորությունից: Ավելին, այս կարգավիճակում հայտնված արվեստագետները հավասարեցվում էին «պորտաբույծներին» և քրեորեն պատժվում` ընդհուպ մինչև աքսոր…
«Ստեղծագործական կյանքով ապրելու, նկարելու մասին մտածել չէինք կարող, որովհետև այդ բոլորը դարձել էր մեզ համար երազ, երբ չէինք կարողանում բավարարել մարդկային ամենատարրական պահանջները»:
1954
Նկարիչների միության համագումարում Արմինե Կալենցը ցնցող ելույթ է ունենում՝ քննադատելով հայրենադարձների հանդեպ տարվող քաղաքականությունը: Նրա ելույթը փաստորեն տապալեց համագումարը: Դրանից հետո շուրջ երկու շաբաթ ապրեցին, ասես, վակուումի մեջ:
1957
Հայաստանի նկարիչների միության դահլիճներում առաջին անգամ կազմակերպվում է Մարտի 8-ին նվիրված և հետագայում արդեն ավանդական դարձած հայ կին նկարիչների ցուցահանդեսը, որին Արմինե Կալենցը (Պարոնյան) մասնակցում է մի շարք դիմանկարներով և բնապատկերներով:
1959
Փետրվար ամսին Արմինե Կալենցը մասնակցում է Հայաստանի նկարիչների միությունում բացված դիմանկարների ցուցահանդեսին:

1962
Մարտի 20-ին Արմինե Կալենցը Հայաստանի նկարիչների միությունում անհատական մեծ ցուցահանդես է բացում: Ցուցադրված էին Հայաստանում 1956 թվականից ստեղծած 90 գեղանկար և 25 գունանկար, ջրանկար ու գծանկար: Ցուցահանդեսը տևել է մինչև ապրիլի 11-ը և ունեցել 7000 այցելու: Ապրիլի 10-ին նկարչի հետ հանդիպում-երեկո է անցկացվել:
1965
23 տարի անց Աիմինեն մեկնում է իր ծննդավայրը՝ Սիրիա, ուր բնակվում էին մայրը` Տիգրանուհին և եղբայրն իր ընտանիքով: Նա այցելում է իր մանկության և պատանեկության վայրերը, շրջում քաղաքից քաղաք և անդադար աշխատում: Նա վրձնում է Պալմիրայի հինավուրց հուշարձանները, արաբական գյուղերը, հյուսիսային Սիրիայում ինչ-որ տեղ ծվարած Քեսաբը՝ իր հայ բնակիչներով, որ պահպանում են իրենց նախնիների ավանդական նիստուկացը:
Աիմինե Կալենցի այս աշխատանքները ցուցադրվեցին Հալեպի Մշակույթի տանը՝ ի ամրապնդումն հայ-արաբական բարեկամության:
«Ճանապարհորդություն Սիրիայում» վերնագրով այս ցուցահանդեսին ներկա էին և բացեցման խոսք ասացին Հալեպի Սիրիայի մշակույթի նախարարը և քաղաքապետը:
1966
Հայաստանի նկարիչների միությունում բացվում է Արմինե Կալենցի «Ճանապարհորդություն Սիրիայում» ցուցահանդեսը:
1967 թվականը Արմինեի կյանքում շրջադարձային էր. նա կորցնում է իր սիրած մարդուն, ուսուցչին՝ Հարություն Կալենցին:
Արմինեն թևակոխում է ևս մի նոր` սեփական ճանապարհի փնտրտուքի շրջան:
1967-2007
Կարոտ. Մտորումներ
1967-ին Արմինե Կալենցը ստանում է Խորհրդային Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում՝ (խորհրդային շրջանում արվեստագետներին տրվող պետական պարգևներից մեկը): 1968-ի մայիսի 9-ին նա բացում է սրահ-արվեստանոցը՝ ցուցադրելու Հարություն Կալենցի հատընտիր կտավները: Այնտեղ նա նաև ստեղծագործեց մինչև իր կյանքի ավարտը:
1970 թվականին Արմինեն մտնում է նոր ստեղծագործական շրջան. նա ստանձնում է «Կարոտ» և «Կյանք» պատկերային հորինվածքների շարքերը, աշխատելով գծային և գունային ամենապարզեցված ձևով ու հիմք ընդունելով գիծը` որպես «հոգեվոր սլաք», իսկ գույնը` հոգեվիճակ:
Այդ շարքերը նկարչուհին առաջին անգամ ցուցադրեց միայն տասը տարի անց, 1980 թվականին:
Նույն տարում նա զբաղվում է Մոսկվայի գրողների կենտրոնական տանը Հարություն Կալենցի ցուցահանդեսի կազմակերպմամբ: Մոսկվայում ցուցահանդեսի իրականացմանն աջակցել է բանաստեղծ Ա. Դիմշիցը:
1971-ին Արմինեն կազմակերպում է Հարություն Կալենցի ցուցահանդեսը Լենինգրադի Մայակովսկու անվան գրողների տանը: Նրան այդ գործում օգնում են գրող Դմիտրի Մոլդավսկին և Լենինգրադի գրողների միության արվեստաբան Տատյանա Մախմուրյանը:
1973
Հոկտեմբեր ամսին Փարիզի Հայկական թանգարանում բացվում է Արմինեի անհատական ցուցահանդեսը: Ցուցադրված շուրջ 20 կտավներն Արմինե Կալենցը ստեղծել էր Ֆրանսիայում երեքամսյա շրջագայության ընթացքում:
1975
Այցելում է Կանադա, ճամփորդում է երկրում մոտ մեկ ամիս: Այստեղ նա ստեղծեց մի շարք քաղաքային բնապատկերներ, որոնք ներկայացվեցին Թեքեյան միության ակումբում կազմակերպված անհատական ցուցահանդեսում: Արմինե Կալենցը նաև հանդիպում ունեցավ սփյուռքահայության հետ:
1980
Հայաստանի նկարիչների միությունում Արմինեն բացում է իր անհատական ցուցահանդեսը: Նա շատ էր կարևորում այս ցուցահանդեսը, քանզի հանրությանն էր ներկայացնում իր «Կյանք» և «Կարոտ» շարքերը, որ մինչ այդ չէին տեսել նույնիսկ իր մտերիմ ընկերները: Նա ներկայացրեց ոչ միայն տեխնիկական նոր մոտեցում, այլ մի բոլորովին նոր մտածողություն:
Նա ներկայացրեց ոչ միայն տեխնիկական նոր մոտեցում, այլ մի բոլորովին նոր մտածողություն: Հասարակության կողմից հնչած լայն արձագանքներից զատ ցուցահանդես այցելեց նաև Հայաստանի այն տարիների քաղաքական վերնախավը` ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ, ինչն ինքնին հաճախակի երևույթ չէր: Արմինեն սկսում է գրել Հարություն Կալենցի մասին իր հիշողությունների գիրքը. գիրք սիրած մարդու, արվեստագետի և իր մասին: Այս աշխատանքը երկար ու ձիգ տարիներ տևեց: Երբեմն Արմինեն ընդհատում էր այն մի քանի տարով, ապա վերստին վերադառնում հուշերին, հուշեր, որ Կալենց անունով մի ողջ դարաշրջաան էր խորհրդանշում:
1982
Արմինեն վերադառնում է Սիրիա և ներկայացնում Հալեպում իր «Արևելք» վերնագրով անհատական ցուցահանդեսը:
1984
Վրաստանի նկարիչների միության հրավերով Արմինեն Թբիլիսիում ներկայացնում է «Կյանք» և «Կարոտ» շարքերը: Ցուցահանդեսը տևում է երկու ամիս և անցնում մեծ հաջողությամբ:
1988
Երևանում՝ Ֆիզիկայի ինստիտուտում, բացվում է Հարություն և Արմինե Կալենցների ստեղծագործությունների ցուցահանդեսը, նվիրված Արտեմ Ալիխանյանի ծննդյան 80-ամյակին:
1987-1989
Արմինեն աշխատում է «Աղոթք» եռանկարի վրա, որտեղ նա դիտողին հաղորդակից է դարձնում իր տառապանքներին ու ցավին` որպես հետևանք հայ ժողովրդին պատուհասած բախտորոշ իրադարձությունների՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժ, Սումգայիթ:
1992
1991 թվին Արմինե Կալենցը մեկնում է ԱՄՆ՝ որտեղ ճանապարհորդում և բեղմնավոր ստեղծագործում է: 1992-ի մարտին նա Լոս Անջելեսում՝ Համահայկական Համազգային Կենտրոնում բացում է անհատական ցուցահանդես՝ ներկայացնելով ԱՄՆ-ում իր ստեղծած հորինվածքները, դիմանկարներն ու բնապատկերները:
1993-ին վերադառնում է Երևան։
1994-1995
Հայաստանի նկարիչների միությունում բացում է անհատական ցուցահանդես:
Նա շարունակում է աշխատել դեռևս 1982 թվականին սկսած Հարություն Կալենցի մասին «Ներիր ինձ, Հարություն» գրքի վրա, որը հրատարակվում է 1997-ին՝ Երևանում: 1995-ին մեկնում է ԱՄՆ։
2000
Հայաստանի նկարիչների միությունում բացվում է Արմինե Կալենցի 80-ամյակին նվիրված անհատական հետահայաց ցուցահանդես:




2003-2007
2003 թվին Մանեժում (Մոսկվա) Կանանց միջազգային ցուցահանդեսին Արմինե Կալենցը ներկայացնում է երկու կտավ:
2004-ին ավարտում և հրատարակում է իր «Մտորումներ. Արմինե Կալենցը իր մասին» երկրորդ գիրքը:
Նույն թվի հոկտեմբերին նա ցուցահանդես է կազմակերպում Երևանի Գեղարվեստի Ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում` նախորդ տարվա ընթացքում պաստելով կատարած ծաղիկների իր շարքից, որն իր կյանքում փաստորեն վերջին անհատական ցուցահանդեսը եղավ: Նկարչուհու տեսողությունը այդ տարիներին կտրուկ վատանում է, և նա գրեթե զրկվում է նկարելու հնարավորությունից:
2005 թվին Հայաստանի Արտաքին գործերի նախարարության «Ստեղծագործական Համադրություն» նախագծի շրջանակում ներկայացնում է «Պրոմեթևս» կտավը:
2007 թվականի նոյեմբերի 22-ին Արմինե Կալենցը մահանում է իր տանը, Երևանում: