«Կալենց թանգարանը» հանրության առաջ իր դռները բացեց 2010 թվականի ապրիլի 27-ին` մեծանուն գեղանկարիչ Հարություն Կալենցի մահվանից 40 տարի անց: Կալենցի ստեղծագործությունը նոր ուղիներ սահմանանշեց հայ արվեստում և խորհրդային կարգերի օրոք նոր սերունդի համար արգելված դռներ բացեց դեպի առանձին անհատի հոգևոր աշխարհ և անհատական աշխարհընկալման ու գեղարվեստական ինքնաարտահայտման ազատություն: Նրա ստեղծագործության շնորհիվ հայ խորհրդային արվեստ ներթափանցեց եվրոպական գեղանկարչական մշակույթը, որը հայրենի հողում վերածվեց Կալենցի եզակի, անկրկնելի արվեստի:

«Կալենց թանգարանը» ստեղծվել է Հարություն Կալենցի ընտանիքի` նրա տիկնոջ, նկարչուհի Արմինե Կալենցի և որդիներ` Սարո և Արմեն Կալենցների միահամուր ջանքերով, որոնց մասնավոր հավաքածուները դրվեցին թանգարանային ցուցադրությունների հիմքում:

«Կալենց թանգարանը» ստեղծվել է երկու արվեստագետների կողմից 1946 թվականին հիմնված տուն-արվեստանոցի տեղում, որը նրանք կառուցել էին Բեյրութից` Խորհրդային Հայաստան մշտական բնակության գալուց հետո: Այդ արվեստանոցը դարձել էր Երևանի կարեվոր մշակութային օջախներից մեկը, ուր հավաքվում էին ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ արտերկրից ժամանած առաջադեմ մարդիկ:

«Կալենց թանգարանի» ստեղծման գաղափարը առաջ քաշվեց արվեստագետի մահվանից անմիջապես հետո` 1967 թվականին այնժամ դեռ Հայկական ԽՍՀ Մշակույթի նախարարության և Երևանի Քաղխորհրդի կողմից:muzeum

Սակայն այդ մտահաղացումը մի շարք պատճառներով և, առաջին հերթին, ի հետևանք ներկայացված անհաջող շինարարական նախագծերի, այդպես էլ չիրականացավ և ձգվեց տարիներ ի վեր:

Արմինե Կալենցի ջանքերի շնորհիվ Կալենցի մահվանից մեկ տարի անց`1968 թ վականին նրա արվեստանոցում այցելուների համար բացվում է Կալենցի աշխատանքների մշտական ցուցադրություն, ինչն, ըստ էության, հանդիսացավ մասնավոր պատկերասրահի նախատիպը` մի առանձնահատուկ համարձակ գաղափար նախկին ԽՍՀՄ տարածքում:

Հարություն Գալենցի նախագծած տուն-արվեստանոցի էսքիզը. 1947թ.
Հարություն Գալենցի նախագծած տուն-արվեստանոցի էսքիզը. 1947թ.

Ընդհուպ մինչև 90-ականները “արվեստանոց-պատկերասրահը” շարունակում էր մնալ կարևոր հանդիպատեղի, վայելելու թե Հարություն Կալենցի, և թե Արմինեի ստեղծագործությունը: Դա հանդիպման վայր էր նկարիչների, գրողների, երաժիշտների և բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չէին արվեստի ու մշակույթի հանդեպ:

Կալենցի արվեստի շուրջ նրաց երկրպագուների և մասնագետների մշտապես առկա հետաքրքրությունը, երկու գեղանկարիչների ստեղծագործական ժառանգության պահպանման և ուսումնասիրության անհրաժեշտությունը, մեծ հանրային լսարանը, որին ի վիճակի չէր տեղավորել իր տարածքում Կալենցների համեստ արվեստանոցը, վերստին սրությամբ թելադրեցին տարածքի ընդլայնմանը, մշակութային հիմնադրամի և մշտական ցուցադրության ստեղծման պահանջը:

90-ականների կեսերին նկարիչ և դիզայներ, պրոֆեսոր Սարո Գալենցի գլխավորությամբ իրականացվեցին նախագծային աշխատանքները: Թանգարանի շենքի հին մասի վերակառուցմանը և երկու հարկերի կառուցմանը սկիզբ դրվեց 2002 թվականին: Տուն-արվեստանոցն ընդլայնվեց, նորակառույց երկրորդ և երրորդ հարկերում տեղաբաշխվեցին թանգարանի ցուցասրահները:

«Կալենց» թանգարանի զարգացման գործում իր շոշափելի ներդրումն ունի Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ մի շարք կարևոր նախագծերի իրականացումն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Սարո Գալենցի նախագծած տուն-թանգարանի էսքիզը. 2000թ.
Սարո Գալենցի նախագծած տուն-թանգարանի էսքիզը. 2000թ.

«Կալենց թանգարանը» տնօրինում է Հարություն Կալենցի և Արմինե Կալենցի ստեղծագործական ժառանգության առավելագույնս ամբողջական և ծավալուն հավաքածուն (գեղանկար, գունանկար, գծանկար, ճեպանկար), որը ներառում է երկու նկարիչների տարբեր ստեղծագործական փուլերը` անցյալ դարի 30-ական թվականներից մինչև 21-րդ դարի առաջին տասնամյակը:

Մշտական ցուցադրությունից, ինչպես նաև հավաքածուի նյութերց կազմված ժամանակավոր ցուցահանդեսներ անցկացնելուց բացի «Կալենց թանգարանում» սկսած 2011 թվականից կազմակերպվում են հրավիրված ժամանակակից արվեստագետների ցուցահանդեսներ: Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս օժանդակել առաջավոր գեղարվեստական մտքի զարգացմանն ու արվեստագետների փոխըմբռնմանը և ապագայում կդառնա թանգարանի ցուցահանդեսային գործունեության կարևոր բաղադրիչը:

 Թանգարանի գիտա-հետազոտական գործունեությունը ծավալվում է երկու գեղանկարիչների անձնական արխիվների ուսումնասիրման և համակարգման; այլ հավաքածուներում նոր, դեռևս անհայտ գործերի հայտնաբերման; ստեղծագործությունների լիարժեք կատալոգներ կազմելու և երկու արվեստագետների կողմից ու նրանց մասին գրված ամբողջ գրականության և հոդվածների հավաք մատենագրություններ ստեղծելու ասպարեզներում: