«Արմինե Կալենց: Ճամփորդություններ կիզիչ արևի տակ»

«Արմինե Կալենց: Ճամփորդություններ կիզիչ արևի տակ»

«Կալենց Թանգարանը» բացում է «Ճամփորդություններ կիզիչ արևի տակ» շարքի առաջին ցուցահանդեսը, որի գլխավոր նպատակներից է ներկայացնել արվեստագետի ստեղծագործական տարբեր շրջանները, ճանաչելի դարձնել նրա ներքին աշխարհը, փորձել բացահայտել էությունը:

Սիրիայի անապատային կիզիչ արևի տակ են սկսվում  փոքրիկ Արմինեի  շարունակական ճամփորդությունները` Դամասկոս, Պոլիս, Հալեպ, Երուսաղեմ, Բեյրութ… Անկախ իր կամքից` ճամփորդությունը դառնում է Արմինե Կալենցի մանկության ամենամեծ սերը: Այդ տպավորությունները նպաստել են նրա հայեցողության ձևավորմանն ու մտավոր ունակությունների զարգացմանը:

 

 

Ներկա ցուցադրությունը ընդգրկում է Արմինե Կալենցի` Սիրիայում և Լիբանանում 40-ական թվականներին կատարած ջրաներկ գործերը, որոնք նկարչուհին, բարեբախտաբար, իր հետ վերցրել էր Լիբանանից Հայաստան տեղափոխվելիս: Ցուցահանդեսում ներկայացրած գործերը ստեղծված են ծովափնյա երկրում և կրում են Լիբանանի նուրբ ու թափանցիկ երանգները:  Ցուցահանդեսի նպատակն է  հանրությանը ներկայացնել դեռևս անծանոթ մի Արմինեի, ցույց տալ արվեստագետի անմիջական կապը բնության հետ, նրա  ուսումնասիրությունները` լույսի, ստվերի, օդի և գույնի միջև փոխհարաբերությունների շուրջ:

Այս գործերը մինչ այսօր մնացել էին թղթապանակում Հայաստանում այդպես էլ չեին ցուցադրվել: Որոշ նկարներ ստորագրված են  օրիորդական ազգանունով` Պարոնյան, այնուամենայնիվ մեծ մասն ունի ֆրանսերենով «Արմինե Կալենց» ստորագրությունը:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.