«Դիմանկարների մեջ ես փորձում եմ պահպանել այն, ինչ տեսնում է իմ ներքին աչքը: Հաճախ կարելի է մարդու մեջ տեսնել այն գույներն ու գծերը, որոնք ոչ մի լուսանկարչական եղանակով չի արտահայտվում:
Միայն հոգին է հոգուն տեսնում, և հավատով լուսավորված աչքն է, որ ճառագայթի նման թափանցում է սրտերից ներս…. »
Արմինե Կալենց, 2004 թ.
«Կալենց թանգարանը» ներկայացնում է Արմինե Կալենցի դիմանկարների «ԴԻՄԱՆԿԱՐ` ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ» ծավալուն ցուցահանդեսը:
Ցուցադրությունը կառուցված է ըստ ժամանակագրական սկզբունքի և, ընդգրկելով լայնածավալ մի շրջան` 1953-ից մինչև 2000 թվականները, ներառում է 80 դիմանկար: Դիմանկարը Արմինե Կալենցի սիրած ժանրերից էր, և դրա առհավատչյան է մեզ թողած իր ժամանակակիցների դիմանկարների հարուստ ժառանգությունը։
Ցուցահանդեսը` հավատարիմ ժամանակագրությանը, բաժանված է 4 մասերի և հնարավորություն է տալիս հետամուտ լինել նկարչուհու արվեստային փիլիսոփայության զարգացմանը, գծի ճկունության, գույնի, ֆակտուրայի վերափոխումներին:
Ցուցահանդեսի սկիզբը կազմող 6 ինքնադիմանկարները պատկանում են Արմինե Կալենցի ստեղծագործական տարբեր ժամանակաշրջանների, ներառյալ նրա առաջին ինքնադիմանկարներից մեկը, վրձնած 18 տարեկան հասակում` Կալենցի բեյրության արվեստանոցում և, բարեբախտաբար, պահպանված առ այսօր:
Leave a Reply